ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայկականը` որպես ազգային մշակութային համակարգ, անհայտ է աշխարհին

Հայկականը` որպես ազգային մշակութային համակարգ, անհայտ է աշխարհին
20.06.2008 | 00:00

«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է մշակութաբան և հրապարակախոս ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԸ։
-Ըստ Ձեզ, աշխարհն ինչպե՞ս է ընկալում հայկական մշակույթն առհասարակ։
-Աշխարհի մտավոր-մշակութային շուկայում ես սեփական նախաձեռնությամբ եմ գործում: Եվ կարող եմ արձանագրել` հայ մշակույթը համակարգված մշակույթ չէ: Եվ անհասկանալի է, թե հայկական մշակույթն ի՞նչ նվաճումներ է ունեցել 1700 տարվա ընթացքում` գտնվելով քրիստոնեական մշակույթի նախահիմքում: Սակայն չէ՞ որ մենք համաշխարհային քրիստոնեական մշակույթը կերտել ենք համահավասար Հռոմին և Բյուզանդիային: Պետականությունը կորցնելով` մենք, ըստ էության, դուրս ենք մղվել համաշխարհային պատմությունից: Եվ ամենևին պատահական չէ, որ հայ մշակույթն ու արվեստը աշխարհն ընկալում է անհատների կերպարով: Ոմանք ճանաչում և գնահատում են Սարյանին, մյուսները` Խաչատրյանին, Կոմիտասին...
-Պետության դերն ազգային մշակույթի պատշաճ «արտահանման» գործում։
-Պետությունը պետք է չափազանց բծախնդրությամբ ընտրի մշակույթով զբաղվող մարդկանց, ովքեր ի զորու կլինեն ազգային մշակույթն ու արվեստը աշխարհին ներկայացնել: Նախ համաշխարհային մշակութային շուկայում պետք է ներկայացնենք այն, ինչն ընկալելի-ընդունելի է, ուղղակի կարող է վաճառվել:
-Ի՞նչն է խոչընդոտում։
-Ֆրանսիացի բանաստեղծ Բոդլերին աշխարհը ճանաչում է որպես բացառիկ երևույթի: Բայց քչերն են ծանոթ Տրիստան Կորբիերին: Սակայն վերջինս, ֆրանսիական հզոր պոեզիայի ներկայացուցիչը լինելով, դրանով իսկ ընդունելի է: Հայ մշակույթի շերտերը ճշգրտված չեն, անհայտ է, թե ինչ է հայ մշակույթը: Մենք շատ ենք նման իսպանական մշակույթին, որը Եվրոպայի սահմանագծին շփվելով մուսուլմանականին, ստեղծեց ֆանտաստիկ մշակույթ: Ի միջի այլոց, նրանց երգերի հիմքում արաբական մեղեդին է, մուղամը, որը հետաքրքիր և պատկերավոր է դարձնում իսպանական երգը:
-Մեր մշակույթի երկփեղկվածության մասին։
-Մենք աշխարհի նկատմամբ բաց և համերաշխ պիտի լինենք: Ինձ հաճախ են ասում, թե Սարյանը ֆովիզմի ներկայացուցիչ է: Սարսափելի ոչինչ չկա: Իսկ ո՞վ չի կրել ֆովիզմի ազդեցությունը: Որքան խոշոր է մշակութային երևույթը, նույնքան այլ ազգեր փորձում են դրան (և նրա մշակույթին) մերձենալ: Այվազովսկին, Շահինը, Գորկին և Սարոյանը մեր գենոտիպի ներկայացուցիչներն են, այլ ոչ մեր ազգային մշակույթի: Սարոյանը չափազանց հայ է, ոգով և հոգեբանությամբ: Հայաստանում ապրելով` նա չէր հասնի ոչնչի: Իր արվեստի, իր գրականության ներքին ազատությունը նա ձեռք է բերել Միացյալ Նահանգներում: Հաճախ իր թեմաներում ներառելով հայ գաղութի կյանքը` Սարոյանը հենց ազատ հոգեմտակերպի շնորհիվ իր գրականությունը համաշխարհային է դարձնում: Գառզուի արվեստում հայկականությունը գրեթե աննշմարելի է, Գորկու մոտ` զգալի: Բայց միևնույն է, նրանք հայկական մշակույթի կրողները չեն: Առհասարակ գոյություն ունի հայկական ֆենոմեն: Տեսեք, հեղափոխությունից հետո 2,5 միլիոն ռուս հիմնվեց Եվրոպայում և ոչ մի էական բան չարեց համաշխարհային մշակույթի համար: Բայց մեր գաղթականները, հաստատվելով Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում, մեզ քաջ ծանոթ անուններով հարստացրին եվրոպական և համաշխարհային մշակույթը: Տխուր մխիթարանք է, անշուշտ, սակայն վրացական մշակույթի մասին առհասարակ աշխարհը որևէ պատկերացում չունի:
-2007-ի հայ մշակույթի օրերը Ֆրանսիայում փոքր-ինչ չշտկեցի՞ն իրավիճակը։
-Անկախությունը մեծագույն հնարավորություն ընձեռեց համաշխարհային կենտրոններից մեկում` Փարիզում, կազմակերպել ազգային մշակույթի և արվեստի մեկդարյա ներկայացումը: Ցուցահանդեսները փայլուն էին: Բայց և այնպես մենք որպես մշակութային համակարգ չներկայացանք: Խոստովանենք սա: Անհասկանալի էր` ինչո՞վ է այս ազգը տարբերվում մյուս ազգերից, կրկնում եմ` աշխարհին տալով փայլուն դեմքեր: Մենք Ֆրանսիայում չկարողացանք մեր մշակութային առանձնահատկությունը, յուրահատկությունն առանձնահատուկ շուքով ներկայացնել: Քանզի չկար գեղարվեստափիլիսոփայական մեկնաբանում: Եվ աշխարհի համար մենք ... պարզապես չկանք: Չկա Հայաստանը` որպես արևելաասիական խիստ ինքնատիպ և առաջավոր մշակութային համակարգի երկիր։
-Մեր դասական պոեզիայի գոհարները և համաշխարհային շուկան։
-Խոսք չկա, Թումանյանը մեր հպարտությունն է, անհաս բարձունք: Սակայն համաշխարհային գրականությունը Թումանյանին որպես այդպիսին չի ընկալի: Նախ պետք է ներկայացնենք Չարենց, արևմտահայ պոեզիա, Սիամանթո, Վարուժան, Ինտրա, Տեմիրճիպաշյան, Մեծարենց ... Այսինքն` աշխարհին ներկայացնենք այն, ինչը նա պատրաստ է ... «գնելու»: Համաշխարհային մշակույթն ունի իր տրամաբանությունը, արժեքային իր սանդղակը: Չարենցը և´ ֆուտուրիստ էր, և´ կոնստրուկտիվիստ, և´ թանկա էր գրում, և´ ռուբայաթ: Եվ միաժամանակ ազգային հրաշալի պոետ էր` ամենևին չներփակված ներազգային խնդիրներով: ՈՒ սրանով նա հետաքրքիր կլինի աշխարհի համար: Ինչպես ասացինք, Սայաթ-Նովան հետաքրքրել է համաշխարհային մշակույթին որպես Արևելքի և Արևմուտքի համաձուլում: Սարյանն ի սկզբանե կրելով ֆովիզմի ազդեցությունը` գեղագիտական առումով ընկալվեց աշխարհի կողմից որպես ազգային նկարիչ: Ոչ պակաս ընկալվեց և ընկալվում է սյուրռեալիստ Քոչարը:
-Այս ամենը վաղվա, հուսանք, տեսանելի ապագայի խնդիր է։ Իսկ ի՞նչ ենք երեկ արել, ի՞նչ ենք այսօր շարունակում անել։
-Դուրս մնալով մշակույթի համաշխարհային դաշտից որպես ազգային-մշակութային համակարգ` մխիթարվում ենք այն վեհ խոսքերով, որոնք ասել են Բլոկը` Իսահակյանի, Դեբյուսին` Կոմիտասի մասին: Ոչինչ ավելին։

Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5140

Մեկնաբանություններ